Salı Nisan 30, 2024

ՆՈՒԲԱՐ ՕԶԱՆՅԱՆ. ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ

kaypakkaya haber
«Իր վրա վերցնելով ցեղասպանության ենթարկված և ճնշված հայ ժողովրդի ցավը` նա բարձրացավ Արարատ լեռան գագաթը` հեղափոխական պայքար մղելով (...): Նա հեղափոխական փոթորիկ էր, որ Արարատի լեռան գագաթից տարածվեց դեպի Պաղեստին, Դերսիմ, Հայաստան և Ռոջավա»:

 

Փաստերից մեկը, որով հայ ազգն անկասկած հպարտանում է, 19-րդ դարի վերջին ազգային-ազատագրական շարժման հերոսներն են, ովքեր պայքարել են թուրք սուլթանների դեմ ` հանուն հայերի իրավունքների և ազատության, հանուն Արևմտյան Հայաստանի ազատագրման: Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի և այլ հեղափոխականների անունները հավերժ ոսկե տառերով գրված են Հայաստանի պատմության մեջ:

Բայց քչերը գիտեն, որ նույնիսկ ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանի լեռներում մնացին հերոս հայեր, ովքեր մղում էին նույն հեղափոխական պայքարը ՝ փաստացի դառնալով վերոհիշյալ ազգային ազատագրողների հետնորդները:

Նրանցից մեկը Նուբար Օզանյանն էր ՝ տաղանդավոր մարտիկ և հեղափոխական հրամանատար, որն իր ամբողջ կյանքը նվիրել է Թուրքիայի կառավարության դեմ պայքարին: Տասնչորս տարեկանից զենքը ձեռքին նա պայքարում էր հետապնդումների ենթարկված հայ ժողովրդի և տարածաշրջանի այլ ժողովուրդների ազգային իրավունքների համար: Նուբարը կռվել է ինչպես բուն Թուրքիայում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, նա իր պարտքը համարեց գալ Հայաստան և կռվել իր ժողովրդի թշնամիների դեմ: Արցախում նա պատրաստում էր 14-16 տարեկան երիտասարդ մարտիկների ՝ սովորեցնելով զենքի գործածություն և ռազմական մարտավարություն, այնուհետև պատրաստված մարտիկներով պաշտպանել է Քարվաճառի սահմանները (Վարդենիսի մոտ գտնվող Օմարի լեռնաշղթայում): Մասնակցելով տարածաշրջանի ազգային-ազատագրական բոլոր շարժումներին՝ ռազմական գործողությունների ընթացքում նա զբաղեցրել է ղեկավար դիրքեր՝ իր փորձով և գիտելիքներով կիսվելով մարտիկների հետ և դառնալով նրանց համար հուսալի ընկեր:

Նուբար Օզանյանը (իսկական անունը Ֆերմուն Չիրակ) ծնվել է 1956 թ. Յոզղատ քաղաքում (կենտրոնական Թուրքիա)՝ հայ աղքատ ընտանիքում: Վաղ տարիքից նա մեծացել է առանց մոր, ով մահացել էր մինչ նրա չափահաս դառնալը: Սովորել է Կարագոզյանի տարրական հայկական դպրոցում: Կրթություն ստանալուց հետո նա սկսում է հետաքրքրվել հեղափոխական գաղափարներով և միանում Թուրքիայի կոմունիստական ​​կուսակցության (ԹԿԿ/ՄԼ) շարքերին, որն իրենից իրականում ներկայացնում է ապստամբական շարժում և ղեկավարում է Թուրքիայի կառավարության դեմ զինված պայքարը:

Իր կյանքի ընթացքում այս կազմակերպության շրջանակներում այս համարձակ հայը կռվել է Թուրքիայի, Սիրիայի, Արցախի լեռներում ՝ պաշտպանելով տեղի բնակչությանը Թուրքիայի ոտնձգություններից ճիշտ այնպես, ինչպես դա անում էին իրենց ժամանակ հայ ֆիդայիները:

Այս տարիների ընթացքում քիչ բան է փոխվել: Միայն թե թերուս քրդական ցեղերը, որոնց թուրքական իշխանություններն օգտագործում էին «քրիստոնյաների դեմ սուրբ պատերազմ» կարգախոսի ներքո հայ բնակչությանը բնաջնջելու համար, ի վերջո, իրենք դարձան ճնշված ժողովուրդ Թուրքիայում, որի արյունը չի դադարում թափվել մինչ օրս: Եվ այժմ «Հայկական հարցին» ավելացել է նաև «Քրդական հարցը», որը միավորել է այս երկու ժողովուրդներին` իրենց իրավունքների և անվտանգ բնակավայրի համար ընդհանուր թշնամու դեմ պայքարում:

Նուբար Օզանյանը զբաղվում էր նաև հետազոտական ​​գործունեությամբ: Նա գիտեր հայերեն, թուրքերեն, քրդերեն և նույնիսկ ռուսերեն էր սովորել իր աշխատանքի համար: Նրա ամենամեծ ձգտումներից էր իր ռազմական փորձը և գիտելիքները պահպանելն ու գալիք սերունդներին փոխանցելը: Դա անելու համար նա շատ էր կարդում, զբաղվում էր տարբեր փաստաթղթերի և ստեղծագործությունների թարգմանությամբ, հատկապես նրանց, որոնք կարող էին նպաստել հեղափոխական շարժման զարգացմանը:

Նուբար Օզանյանը մահացավ 2017 թ. օգոստոսի 14-ին Սիրիայում «Իսլամական պետություն» կազմակերպության ահաբեկիչների դեմ պայքարում: Նա ապրեց ընդամենը 61 տարի, որոնց մեծ մասն անցկացրեց մարտում:

Նուբարը եղավ ոչ միայն տաղանդավոր մարտիկ, այլ դարձավ հրամանատար, ով բարձր հեղինակություն էր աշխարհի տարբեր երկրների բոլոր գաղափարակից ընկերների շրջանում: Հետաքրքիր փաստ է, բայց, չնայած նրա կոմունիստ լինելուն, հայկական եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի և ոգեկոչման արարողություն, որի ժամանակ հայ քահանան ասաց. «Նուբար Օզանյանի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Սերոբ Աղբյուրի նման նահատակների, նրանց թափած արյան շնորհիվ է, որ մենք ունենք ազատ և անկախ հայրենիք: Նրանց շնորհիվ մենք ունենք հայկական դպրոցներ և համալսարաններ: Նրանք ոչինչ չեն ափսոսացել՝ հանուն իրենց հայրենիքի ազատագրման»:

Ըստ իր մարտական ​​ընկերների՝ Նուբարը շատ էր ուզում «արմատ գցել» Հայաստանում: 1994 թ., երբ նա եկել էր Հայաստան` մասնակցելու Արցախյան պատերազմին, Երևանում նա հանդիպել է Նազիկ Թուլակյանին, ով ուներ ութ տարեկան որդի` Խաչիկը, ով Նուբարի մասին հետևյալ կերպ է արտահայտվում.«Նա իմ հայրը չէր, բայց ավելի հարազատ էր, քան իմ իսկ հայրը: Մենք իրար շատ էինք սիրում: Նա ինձ համար ոչ միայն հայր էր, այլ նաև ուսուցիչ, ումից ես միշտ օրինակ եմ վերցրել»: Հատկանշական է, որ Նուբար Օզանյանը երկար ժամանակ փորձում էր ստանալ ՀՀ քաղաքացիություն, բայց դա նրան չհաջողվեց:

Նրա մահից երկու տարի անց ՝ 2019 թ., Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին ստեղծվեց «Նահատակ Նուպար Օզանեան Գումարտակը», որը Սիրիայում պայքարում է «թուրքական ֆաշիզմի դեմ»: Գումարտակի հիմնական նպատակը Սիրիայում մնացած հայերին, նրանց ինքնությունը, մշակույթը, լեզուն, դավանանքը թուրքական պետության հարձակումից պաշտպանելն է:

«Ինչո՞ւ որոշեցիք ձեր գումարտակն անվանել Նուբար Օզանյանի անունով» հարցին գումարտակի անդամները պատասխանում են`

«Երբ ընկեր Նուբար Օզանյանը եկել էր կռվելու Ռոջավա (սիրիական Քուրդիստան, հեղ.), նա տեսավ, որ այս հողերում կան հայեր, այդ թվում արաբացված և քուրդ հայեր: Նա հասկացավ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք ԴԱԵՇ-ի դեմ պայքարում (Իսլամական պետություն, հեղ.) և ոգեշնչվեց այս գաղափարով: Գումարտակի ստեղծման գաղափարը պատկանում է ընկեր Նուբար Օզանյանին»: (Առնոս)

«Նահատակ Նուբար Օզանյանը զորավար էր, ով զոհաբերեց իրեն իր ժողովրդին: Նա իրեն զոհաբերեց հանուն մեր ժողովրդի: Մենք կազմավորել ենք մեր գումարտակը, որպեսզի շարունակենք նրա պայքարը»: (Մասիս)

«Նահատակ Նուբար Օզանյանն անմահացավ թշնամու դեմ պայքարում: Հայ հրամանատար Նուբար Օզանյանն իրեն զոհաբերեց հանուն ճշմարտության, հանուն հավասարության և արդարության: Մենք պատիվ ունենք մեր գումարտակը կոչել նրա անունով»: (Պողոս)

Լուսանկարը Նահատակ Նուպար Օզանեան Գումարտակի ռազմական արարողությունից, լուսանկարներում պատկերված են ժողովուրդների իրավունքների և ազատությունների համար թուրքական բռնության դեմ պայքարողները:  
 

Նուբար Օզանյանի մահը կորստաբեր եղավ նրա հետևորդներից շատերի համար: Սգում էին քրդերը, հայերը, արաբները և համախոհ թուրքերը: Ինչպես գրում են ԹԿԿ/ՄԼ կուսակցության պաշտոնական կայքում`

«Իր վրա վերցնելով ցեղասպանության ենթարկված և ճնշված հայ ժողովրդի ցավը` նա բարձրացավ Արարատ լեռան գագաթը`  հեղափոխական պայքար մղելով (...): Նա հեղափոխական փոթորիկ էր, որ Արարատի լեռան գագաթից տարածվեց դեպի Պաղեստին, Դերսիմ, Հայաստան և Ռոջավա»:

Տեսանյութում` Նուբար Օզանյանի հուղարկավորությունը

341